![]()
|
|
![]()
|
|
||
1. Նախ և առաջ պատի՛վ տուր անմահ աստվածներին, ինչպես օրենքն է հրամայում:
2. Այնուհետև երկրպագի՛ր այն երդումը, որ տվել ես:
3. Հետո՝ փառապանծ հերոսներին, որոնք լի են բարությամբ ու լույսով:
4. Հետո պատվի՛ր երկրային ոգիներին և նրանց նկատմամբ պատշաճ հարգանք ցուցաբերի՛ր:
5. Հետո պատվի՛ր քո ծնողներին և քո ընտանիքի բոլոր անդամներին:
6. Մյուսների մեջ ընկեր ընտրի՛ր ամենաիմաստունին ու ամենաառաքինիին:
7. Օգտվի՛ր նրա քաղցր խոսքերից և սովորի՛ր նրա գործերից, որոնք օգտակար և առաքինի են:
8. Բայց մի՛ հեռացրու քո ընկերոջը մի փոքր սխալի համար:
9. Որովհետև զորությունը սահմանափակված է անհրաժեշտությամբ:
10. Շատ լուրջ վերաբերվի՛ր հետևյալին. դու պետք է դիմակայես և հաղթես կրքերին:
11. Նախ՝ որկրամոլությանը, հետո՝ ծուլությանը, պոռնկությանը և զայրույթին:
12. Մի՛ արա ուրիշների հետ կամ միայնակ այն, ինչից ամաչում ես:
13. Եվ, առաջին հերթին, հարգի՛ր ինքդ քեզ:
14. Արդարությո՛ւն գործիր քո գործերով և քո խոսքերով:
15. Եվ սովորի՛ր երբեք անմտածված չգործելու սովորություն:
16. Բայց միշտ հիշի՛ր մի փաստ, որ մահը կգա բոլորին:
17. Եվ որ աշխարհի լավ բաներն անորոշ են, և ինչպես կարող են ձեռք բերվել, այնպես էլ կարող են կորչել:
18. Համբերությամբ և առանց տրտունջի կրի՛ր քո բաժինը, ինչ էլ որ լինի այն:
19. Այն տառապանքներից, որոնք աստվածների կողմից որոշված ճակատագիրն է նետում մարդկանց վրա:
20. Բայց ջա՛նա թեթևացնել քո ցավը, որքան հնարավոր է:
21. Եվ հիշի՛ր, որ ճակատագիրը շատ դժբախտություններ չի ուղարկում բարիներին:
22. Այն, ինչ մարդիկ մտածում և ասում են, շատ է տարբերվում. հիմա լավ բան է, հետո՝ վատ բան:
23. Ուստի, մի՛ ընդունիր կուրորեն այն, ինչ լսում ես, և մի՛ մերժիր այն շտապողականորեն:
24. Բայց եթե սուտ են ասում, նահանջի՛ր նրբորեն և զինվի՛ր համբերությամբ:
25. Հավատարմորեն կատարի՛ր, բոլոր դեպքերում, այն, ինչ ես հիմա քեզ ասում եմ:
26. Թույլ մի՛ տուր ոչ ոքի, ոչ խոսքով, ոչ գործով,
27. Քեզ տանել դեպի այնպիսի բան անելու կամ ասելու, որը քեզ համար լավագույնը չէ:
28. Մտածի՛ր և խորհրդակցի՛ր գործելուց առաջ, որպեսզի հիմար գործողություններ չկատարես:
29. Որովհետև անմտածված գործելն ու խոսելը թշվառ մարդու հատկությունն է:
30. Բայց արա՛ այն, ինչը հետագայում քեզ տխրություն չի բերի, և որը քեզ զղջում չի պատճառի:
31. Մի՛ արա այն, ինչը ի վիճակի չես հասկանալու:
32. Սակայն, սովորի՛ր այն, ինչ անհրաժեշտ է իմանալ. այսպես, քո կյանքը երջանիկ կլինի:
33. Ոչ մի դեպքում մի՛ մոռացիր մարմնի առողջության մասին:
34. Բայց տու՛ր նրան չափավոր սնունդ, անհրաժեշտ վարժանք և նաև հանգիստ քո մտքին:
35. Չափավորություն բառով ես նկատի ունեմ, որ պետք է խուսափել ծայրահեղություններից:
36. Սովորի՛ր պարկեշտ և մաքուր կյանքի, առանց պոռնկության:
37. Խուսափի՛ր բոլոր այն բաներից, որոնք նախանձ կառաջացնեն:
38. Եվ մի՛ գործիր չափազանցություններ: Ապրի՛ր որպես մեկը, ով գիտի, թե ինչն է պատվաբեր և պարկեշտ:
39. Մի՛ գործիր ագահությունից կամ ժլատությունից մղված: Գերազանց է այս ամենում արդար չափն օգտագործելը:
40. Արա՛ միայն այն բաները, որոնք չեն կարող վնասել քեզ, և որոշի՛ր դրանք անելուց առաջ:
41. Պառկելիս, երբեք թո՛ւյլ մի՛ տուր քունը մոտենալ քո հոգնած աչքերին,
42. Մինչև որ քո ամենաբարձր գիտակցությամբ չվերանայես օրվա քո բոլոր գործողությունները:
43. Հարցրո՛ւ. "Ինչո՞ւմ սխալվեցի: Ի՞նչ արեցի ճիշտ: Ի՞նչ պարտականություն թողեցի չկատարված:"
44. Ինքդ քեզ մեղադրի՛ր քո սխալների համար, ուրախացի՛ր քո հաջողությունների համար:
45. Ամբողջությամբ կիրառի՛ր այս բոլոր հանձնարարականները: Լա՛վ խորհիր դրանց մասին: Դու պետք է սիրես դրանք ամբողջ սրտով:
46. Դրանք են, որ քեզ կդնեն Աստվածային Առաքինության ճանապարհի վրա:
47. Ես երդվում եմ նրանով, ով մեր հոգիներին փոխանցեց Սուրբ Քառյակը:
48. Բնության այն աղբյուրով, որի էվոլյուցիան հավերժական է:
49. Երբեք մի՛ սկսիր որևէ գործ, մինչև աղոթքով չխնդրես Աստվածների օրհնությունն ու օգնությունը:
50. Երբ այս ամենը սովորություն դարձնես,
51. Կճանաչես անմահ աստվածների և մարդկանց բնությունը,
52. Կտեսնես, թե որքան հեռու է գնում տարբերությունը էակների միջև, և ինչն է պարունակում նրանց, և պահում նրանց միասնության մեջ:
53. Այնուհետև կտեսնես, Արդարության համաձայն, որ Տիեզերքի նյութը նույնն է բոլոր բաներում:
54. Այսպիսով, դու չես ցանկանա այն, ինչ չպետք է ցանկանաս, և ոչինչ այս աշխարհում քեզ համար անհայտ չի մնա:
55. Կհասկանաս նաև, որ մարդիկ իրենց դժբախտություններն իրենք են իրենց վրա նետում, կամավոր և իրենց ազատ ընտրությամբ:
56. Որքա՜ն թշվառ են նրանք: Չեն տեսնում, ոչ էլ հասկանում են, որ իրենց բարին իրենց կողքին է:
57. Քչերը գիտեն, թե ինչպես ազատվել իրենց տառապանքներից:
58. Այս է ճակատագրի ծանրությունը, որը կուրացնում է մարդկությանը:
59. Մարդիկ շրջում են շրջաններով, այս ու այն կողմ, անվերջ տառապանքներով,
60. Որովհետև նրանց ուղեկցում է մի մռայլ ընկեր՝ նրանց միջև ճակատագրական անմիաբանությունը, որը նրանց վեր ու վար է նետում առանց նկատելու:
61. Ջա՛նա, զգուշորեն, երբեք անմիաբանություն չառաջացնել, բայց փախի՛ր դրանից:
62. Ո՜վ Աստված, մեր Հայր, ազատի՛ր բոլորին այդքան մեծ տառապանքներից:
63. Ցույց տալով յուրաքանչյուրին այն Հոգին, որը նրանց ուղեցույցն է:
64. Սակայն, դու չպետք է վախենաս, որովհետև մարդիկ պատկանում են աստվածային ցեղին:
65. Եվ սուրբ բնությունը ամեն ինչ կհայտնի ու կցուցադրի նրանց:
66. Եթե նա քեզ հաղորդի իր գաղտնիքները, դու հեշտությամբ կիրառության մեջ կդնես բոլոր այն բաները, որոնք ես քեզ խորհուրդ եմ տալիս:
67. Եվ բուժելով քո հոգին, դու կազատես այն բոլոր այդ չարիքներից և տառապանքներից:
68. Բայց խուսափի՛ր այն ուտելիքներից, որոնք քիչ են խորհուրդ տրվում հոգու մաքրության և ազատագրման համար:
69. Լա՛վ գնահատիր բոլոր բաները,
70. Միշտ ձգտելով առաջնորդվել աստվածային ըմբռնումով, որը պետք է ամեն ինչ ուղղորդի:
71. Այսպիսով, երբ թողնես քո ֆիզիկական մարմինը և բարձրանաս եթեր,
72. Դու կլինես անմահ և աստվածային, կունենաս լիություն և այլևս չես մահանա: